ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները։ «Երկու պետությունների առաջնորդները շփվում են բավական շատ։ Մարտին Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր, մի քանի շաբաթ առաջ պաշտոնական այցով Երևան էր ժամանել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Պարբերաբար շփվում են մեր նախարարները, ԱԺ ղեկավարները, այնպես որ իմ այցը մեր սերտ գործընկերային հարաբերությունների շրջանակներում է»,- ասուլիսում հայտարարեց Երևանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Խոսելով Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին՝ Լավրովն առանձնացրեց ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքը, որը նախագահում է կառույցը, ապա նշեց, որ վատ չեն ընթանում նաև տնտեսական հարաբերությունները, Ռուսաստանը Հայաստանի համար մնում է առևտրային գլխավոր գործընկերը՝ չնայած միջազգային տնտեսության առաջացրած օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտներին։ Ըստ նրա՝ ռազմատեխնիկական համագործակցություն պետությունների միջև ևս կա։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող վերջին դեպքերը։ «Իհարկե, քննարկեցինք նաև իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին։ Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի, չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 94-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- շեշտեց ՌԴ ԱԳ նախարարը՝ ասելով, որ իրենք կաջակցեն, ամեն ինչ կանեն, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են ռուսական լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց կարճ. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։